Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում այցելել է ԱԱԾ սահմանապահ ուղեկալ

ՀՀ վարչապետը ծանոթացել է սպաների ընտանիքների բնակելի պայմաններին։
Sputnik
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում այցելել է ԱԱԾ սահմանապահ ուղեկալ։ Նա այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և տեսանյութ հրապարակել։
Սահմանապահ զորքերի շտաբի պետ, գնդապետ Էդգար Հունանյանը Փաշինյանին զեկուցել է, որ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող պետական սահմանի տեղամասում ընթացիկ օրվա ընթացքում սահմանի խախտում չի արձանագրվել, արտառոց դեպքեր և պատահարներ տեղի չեն ունեցել։
ՀՀ վարչապետը հետաքրքրվել է, թե երբ են սահմանապահ ուղեկալը շահագործման հանձնել, պատասխանել են` այս տարի։
Փաշինյանը տեղում ծանոթացել է նաև սպաների ընտանիքների բնակելի պայմաններին: Ընդհանուր առմամբ 4 բնակարան կա, որից բնակեցված են 2-ը։
Հիշեցնենք` Փաշինյանը Սյունիքի մարզ է այցելել հունիսի 16-ին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` այցի շրջանակում նա ծանոթացել է մարզում սուբվենցիոն և այլ ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին:Առաջին կանգառը եղել է Կապան քաղաքը, այնուհետև Փաշինյանն այցելել է Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ բնակավայրեր։ Վերջին կանգառը եղել է Շուռնուխ բնակավայրը։