ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՌԴ կառավարությունը հավանություն է տվել այն օրինագծին, որն ուղղված է երկրում գտնվելու օրինական հիմքեր չունեցող օտարերկրյա քաղաքացիների արտաքսման ռեժիմի ներդրմանը: Կառավարության նախագծի տեքստը հրապարակել է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի Դաշնության կառավարությունն աջակցում է օրինագծին», - նշվում է փաստաթղթում:
Ավելի վաղ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովը պատգամավորներին խորհուրդ էր տվել առաջին ընթերցմամբ ընդունել նախաձեռնությունը, փաստաթուղթը կարող է քննարկվել հունիսի 18-ին խորհրդարանի պալատի լիագումար նիստում:
Օրինագիծը պալատի քննարկմանն էր ներկայացվել բոլոր հինգ խմբակցությունների մի խումբ պատգամավորների կողմից ապրիլին, օրինագծի հեղինակների թվում էին նաև «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Վյատկինն ու Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Նոր նորմերը նախատեսում են նաև արտաքսման ռեժիմի սահմանում այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք ՌԴ-ում գտնվելու օրինական հիմքեր չունեն։ Առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքում:
Օրինագծի համաձայն՝ ՌԴ-ում գտնվելու իրավունք չունեցող օտարերկրյա քաղաքացին վտարման ենթակա կհամարվի վերահսկվող անձանց ռեեստրում իր մասին տեղեկությունների մուտքագրման օրվանից։ Այդ ռեգիստրից հանվելուց հետո ռեժիմի գործողությունը դադարում է։ Նոր ռեժիմի կիրառման կարգը կսահմանի ՆԳՆ-ն։