ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ և նոր պայմանավորվածություններ ձեռք բերել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը: Պապիկյանը ներկայացրել է Հայաստանում պաշտպանության ոլորտում բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքները։ Կողմերը կարևորել են ռազմատեխնիկական համագործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ»,– ասված է հաղորդագրությունում:
Սուրեն Պապիկյանն ու Սեբաստիեն Լըկորնյուն
© Photo : press office of MoD of RA
ՊՆ–ն տեղեկացնում է նաև, որ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր է կնքվել ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև։
Հիշեցնենք` Պապիկյանը Ֆրանսիա է մեկնել այսօր։ Այցն աշխատանքային է։
Նա Ֆրանսիա էր այցելել նաև փետրվարի 21–ին։ Հաջորդ օրը Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Հայաստան։
Ավելի վաղ «Le Figaro»-ն էլ գրել էր, որ Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ, որում կլինեն գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադիոլոկացիոն կայաններ։
Պապիկյանի հետ համատեղ ասուլիսում Ֆրանսիայի ԶՈւ նախարարը հաստատեց այդ լուրը` հավելելով, որ շուտով Հայաստան կմատակարարվեն նաև ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաներ։