Բագրատ սրբազանն աջակիցների հետ Եռաբլուր է այցելել

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն ասել է, որ թեպետ ամոթով են Եռաբլուր եկել, ներքին մեծ ցավով, բայց դա չի նվազեցնում հերոսների սխրանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն աջակիցների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ «Սրբազան շարժում» տելեգրամյան ալիքն այցի մասին պատմող կարճ տեսանյութ է ներկայացրել։
Սրբազանն աղոթք է հնչեցրել Արցախյան ազատամարտի առանցքային դեմքերից մեկի` Իգոր Մուրադյանի շիրիմի մոտ, որի մահվան 6–րդ տարելիցն է այսօր։
«Այսօր մենք Եռաբլուրում ամոթով, ներքին մեծ ցավով ենք կանգնած, բայց դա չի նվազեցնում մեր հերոսների սխրանքը, իրենց հաղթանակի տեսիլքը։ Այդ հաղթանակի տեսիլքը փոխանցվում է մեզ այնքանով, որքանով կամք ու հավատք ունենք այն իրագործելու»,–ասաց սրբազանը։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։