ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. 2024 թ. մայիսին 40 ՀՀ հարկ վճարողի նկատմամբ առաջադրվել է 14.6 մլն դրամի չափով տուգանք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՊԵԿ–ից նշում են, որ տվյալ հարկ վճարողները խախտել են «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները: Նրանք եղել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, շրջանառության հարկ, ինչպես նաև ԱԱՀ վճարողներ։
«2024 թ. մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 40 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում»,– ասված է հայտարարության մեջ:
Հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 14.6 մլն դրամի չափով տուգանք:
Խախտումներ թույլ տված 40 ընկերությունների թվում են «Հանդիպում–299» ՍՊԸ–ն («Բելաջիո» ռեստորանը), որը տուգանվել է 300 հազար դրամի չափով, «Ջիվան» ռուսական և հայկական խոհանոցի ռեստորանը, «Անտարես» գրահրատարակչությունը, կոսմետիկայի «ՌՈՒԺ ԲՅՈՒԹԻ» խանութը` յուրաքանչյուրը 500 հազարական դրամով և այլն: