Փաշինյանը Կապանում հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին

Sputnik
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Կապանում է, որտեղ հետևել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքին:
«170 սանի համար նախատեսված մանկապարտեզի արժեքը 295 մլն դրամ է, որից Կառավարության մասնաբաժինը 80 տոկոս է (236 մլն դրամ)»,–գրել է նա սոցցանցում:
Փաշինյանը նաև հետևել է Վաչագան գետի հունի մաքրման, բետոնե հարթակների, գետի հենապատերի վերականգնման և վերանորոգման, մայթերի վերակառուցման աշխատանքներին:
Այս դեպքում սուբվենցիոն ծրագրի արժեքը 295.2 մլն դրամ է, որից 174 մլն դրամը տրամադրել է կառավարությունը:
Բացի այդ վարչապետը հետևել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։
Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, արժեքը՝ 1 մլրդ 404,7 մլն դրամ: