Լեմկինի ինստիտուտը մտահոգված է ցուցարարներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճից

Լեմկինի ինստիտուտը մտահոգիչ է համարում նաև այն փաստը, որ ՀՀ իշխանությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին հանդես են եկել ի պաշտպանություն ոստիկանության գործողությունների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Լեմկինի ինստիտուտը մտահոգված է հունիսի 12-ին ՀՀ ազգային ժողովի շենքի դիմաց ցուցարարներին և լրագրողներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճից, որը հակասում է ժողովրդավարական սկզբունքների և մարդու հիմնարար իրավունքների հանդեպ Հայաստանի հռչակած հանձնառությանը:
Հայտնել էինք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
«Հայաստանի հռչակած հանձնառությանը պետք է նշանակի խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքի պաշտպանություն, այլ ոչ թե բռնության և արյունահեղության միջոցով այլախոհության ճնշում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Լեմկինի ինստիտուտը մտահոգիչ է համարում նաև այն փաստը, որ ՀՀ իշխանությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին հանդես են եկել ի պաշտպանություն ոստիկանության գործողությունների:
«Ինչպես արդեն բազմիցս հայտարարել ենք, խոսքի և հավաքների ազատությունը մարդու հիմնարար իրավունքներն են և ներառական ու արդար հասարակության հիմնական սկզբունքները: Դրանք նաև Ցեղասպանության կանխարգելման կարևոր գործիքներ են, քանի որ այդ իրավունքները հնարավորություն են տալիս անհատներին և համայնքներին հանդես գալ անարդարության դեմ և պատասխանատվություն պահանջել իրենց կառավարություններից»,–ընդգծված է հայտարարության մեջ: