Իրականությանը չի համապատասխանում. ՔԿ–ն պատասխանել է GG ընկերության հայտարարությանը

ՔԿ–ից ընդգծել են, որ GG ընկերության կողմից տարածված հայտարարությունն ավելի քան մեկ տարի առաջ սկսված քրեաիրավական գործընթացը քաղաքականացնելու, իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Տաքսի ծառայություն մատուցող GG ընկերության կողմից տարածված այն հայտարարությունը, թե ընկերության դեմ հարուցված քրեական վարույթը անհիմն է և ապօրինի, իրականությանը չի համապատասխանում։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
Այսօր ` ավելի վաղ, GG ընկերությունը հայտարարել էր, որ իրենց դեմ հարուցվել է ակնհայտ անհիմն և անօրինական քրեական վարույթ, որի միակ դրդապատճառը ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և հասարակական գործունեությունն է:
«Նախ քրեական վարույթը որևէ սուբյեկտի դեմ չի նախաձեռնվում, այլ` դեպքի կամ փաստի առթիվ։ Երկրորդ` տվյալ քրեական վարույթը, հարկերից խուսափելու հատկանիշներով, ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի մայիսին։ Վարույթով նախաքննությունը շարունակվել է մինչ այս ընկած ժամանակահատվածում։ Դրա շրջանակներում նախօրեին իրականացվել են խուզարկություններ, ինչը վարութային ստանդարտ գործընթաց է»,–նշված է հայտարարության մեջ։
ՔԿ–ից ընդգծել են, որ հարուցված քրեական վարույթը GG ընկերության հիմնադրի ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և հասարակական գործունեության հետ կապելու ավելի քան մեկ տարի առաջ սկսված քրեաիրավական գործընթացը քաղաքականացնելու, իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է։
Նշենք, որ փաստաբան Սերգեյ Հարությունյանի խոսքով` այս գործը շինծու է և ապօրինի. պատճառը GG ընկերության սեփականատեր Խաչատուր Գրիգորյանի գրառումն է և քաղաքական դիրքորոշումը։
GG ընկերության գրասենյակի խուզարկությունից հետո բոլոր համակարգիչներն առգրավվել են
Գրիգորյանը հունիսի 12-ին «Ֆեյսբուքի» իր էջում աջակցություն էր հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և գրել. «Եթե դու հայ ես, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ, քո տեղը Բաղրամյանի վրա է»։
Այս գրառումից հետո իշխանամետ օգտատերերը ֆլեշմոբ սկսեցին` հորդորելով բոյկոտել այս տաքսի ծառայությունը, բողոքի շարժման կողմնակիցներն էլ մեկ այլ ֆլեշմոբ արեցին. «Երթևեկում եմ միայն GG-ով»։