ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Տաքսի ծառայություն մատուցող GG ընկերության դեմ հարուցվել է ակնհայտ անհիմն և անօրինական քրեական վարույթ, որի միակ դրդապատճառը ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և հասարակական գործունեությունն է: Այս մասին ընկերությունը հայտարարություն է տարածել։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ GG ընկերության գրասենյակի խուզարկությունն իրականացվում է 2023 թվականին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում: ՔԿ աշխատակիցներն առգրավել էին ընկերության բոլոր 26 համակարգիչները։
«GG ընկերությունը, չնայած հարուցված ապօրինի խոչընդոտներին, իրականացրել է անհրաժեշտ գործողությունները և շարունակում է բնականոն աշխատանքը սպասարկելով մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցվում է, որ Խաչատուր Գրիգորյանի Հայաստանում զրոյից հիմնադրած GG ընկերությունը առաջատար դիրքեր ունի հայկական շուկայում, ինչպես նաև գործունեություն է ծավալել արտասահմանում (ԱՄՆ, Վրաստան, Ռուսաստան)՝ ազգային բրենդը հասցնելով միջազգային մասշտաբների և լայնորեն տարածելով հայկականի ճանաչելիությունը։
Նշենք, որ փաստաբան Սերգեյ Հարությունյանի խոսքով` այս գործը շինծու է և ապօրինի. պատճառը GG ընկերության սեփականատեր Խաչատուր Գրիգորյանի գրառումն է և քաղաքական դիրքորոշումը։
Գրիգորյանը հունիսի 12-ին «Ֆեյսբուքի» իր էջում աջակցություն էր հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և գրել. «Եթե դու հայ ես, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ, քո տեղը Բաղրամյանի վրա է»։
Այս գրառումից հետո իշխանամետ օգտատերերը ֆլեշմոբ սկսեցին` հորդորելով բոյկոտել այս տաքսի ծառայությունը, բողոքի շարժման կողմնակիցներն էլ մեկ այլ ֆլեշմոբ արեցին. «Երթևեկում եմ միայն GG-ով»։