ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Զինծառայող Արմեն Գասպարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Պայմանագրային զինծառայողի մահվան մասին ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ըսստ ՔԿ–ի` հունիսի 14-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային գնդակային վիրավորումով:
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և դիակի զննություն»,– ասված է հաղորդագրությունում:
Քրեական վարույթով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու ուղղությամբ: