Նիկոլ Փաշինյանը նոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետն ավելի վաղ առաջարկել էր սպառազինության փոխադարձ վերահսկման մեխանիզմ ստեղծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ: Նա այդ մասին հայտնել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ։
Փաշինյանն անդրադարձել է հրադադարի ռեժիմի խախտման մասին Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հաղորդագրությունների վերաբերյալ հարցին։

«Երկու տարբերակ կա, թե ինչու է Ադրբեջանի ՊՆ–ն նման հաղորդագրություններ տարածում։ Առաջինը` իրոք հրադադարի ռեժիմի խախտում կա, իսկ երկրորդը`այդ տեղեկատվությամբ փորձ է արվում էսկալացիա կամ էսկալացիայի ֆոն ստեղծել։ Բոլոր դեպքերում և՛ առաջինը, և՛ երկրորդը մեր քաղաքական կամքը չէ։ Կարծում եմ, որ այս իրադրությունը որոշակի հասցեագրման կարիք ունի, ու ամեն անգամ ճշմարտությունն իրապես պարզելու համար վատ չի լինի, եթե հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորենք»,– ասել է Փաշինյանը։

Նա շեշտել է, որ քաղաքական կամքի և պայմանավորվածության դեպքում դժվար չի լինի նման մեխանիզմ գործարկել։ ՀՀ վարչապետի կարծիքով` այդ ամենը կարելի է անել առանց բյուրոկրատական քաշքշուկի։
ՀՀ վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանին առաջարկել է սպառազինության փոխադարձ վերահսկման մեխանիզմ ստեղծել և չհարձակման մասին պայմանագիր ստորագրել, եթե պարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու։