ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. 11 անձ ձերբակալվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ առավոտյան զանգվածային ձերբակալությունների ալիք է սկսվել, 11 անձ է ձերբակալվել Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո հարուցված քրեական վարույթի շրջանակում։
Քննչական կոմիտեն ձայնագրություններ է հրապարակել, որոնք, ըստ կառույցի, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի 5 տարբեր հարթակներում են տարածվել։
Նշվում է, որ ձայնագրություններն արվել են մայիսի 25-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես հեռախոսազանգերի, այնպես էլ կայացած հանդիպումների, այդ թվում նաև՝ Վայքի ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցած ՀՅԴ ԳՄ անդամի մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձայնագրություններում լսվում են «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից հիմնականում Երևան քաղաքում, նաև ՀՀ մարզերում անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ խոսակցություններ։
«Ձայնագրություններում անձինք խոսում են այդ ակցիաներին կազմակերպված ձևով մարդկանց մասնակցությունն ապահովելու, այդ նպատակով տրանսպորտային միջոցներ տրամադրելու, «մարդաքանակի» ապահովման համար գումարներ՝ «գլխարկներ» հատկացնելու մասին։ Խոսում են նաև հավաքներին մարդկանց մասնակցության ապահովման համար կուսակցության կողմից ֆինանսական ռեսուրսներ կենտրոնացնելու, ՀՀ ԱԺ–ի «վրա» գնալու, վերջին կռիվը տալու, ինչպես նաև հավաքներին մարդկանց մասնակցության համար հատկացված միջոցների սակավության, դրա շուրջ առաջացած տարաձայնությունների վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
Պարզվել են նաև ինչպես խոսակցությունները վարող, այնպես էլ դրանց ընթացքում հնչող այլ անուններով անձանց ինքնությունները, որոնք ՀՅԴ Եղեգնաձորի տարածքային կառույցների ներկայացուցիչներ են, կուսակցության անդամներ, ինչպես նաև ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում 6 քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (оրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը)։
Նախաքննության շրջանակներում զննության են ենթարկվել նշված ձայնագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են այլ քննչական, և վարութային գործողություններ։ ՀՀ Վայոց Ձորի մարզի շուրջ 2 տասնյակ հասցեներում կատարվել և շարունակում են կատարվել խուզարկություններ, որոնց ընթացքում առգրավվել են քննությանը հետաքրքրող իրեր։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ նշված դեպքերի ամբողջական հանգամանքները պարզելու համար։