ԼՂ–ից բռնի տեղահանվածները հունիսի 17–ից կարող են դիմել բնակարաններ ստանալու համար

Արցախից բռնի տեղահանված կին
Պետական աջակցության ծրագրին մասնակցելու համար դիմումները կընդունվեն բացառապես առցանց եղանակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հունիսի 17–ից կսկսվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին մասնակցելու դիմումների ընդունումը։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը` ներկայացնելով պետական աջակցության այս ծրագրի կարգը հաստատելու մասին որոշումը։
Նա ընդգծեց, որ դիմումները կընդունվեն բացառապես առցանց եղանակով, որից հետո ծրագրին մասնակցող ընտանիքներին էլեկտրոնային եղանակով կուղարկվի համապատասխան հավաստագիրը։
Փոխնախարարը հիշեցրեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը հաստատվել էր մայիսի 16–ին։
«Հուլիսի 15–ից էլ կբացվի բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցողների հարթակը, իսկ օգոստոսի 1–ից աջակցություն կստանան այն ընտանիքները, որոնք արդեն իսկ ունեն գործող հիփոթեք»,– ասաց նա։
Խաչատրյանը նշեց, որ առաջին փուլով աջակցություն են ստանալու երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև զոհվածների ընտանիքների անդամները, 1–ին և 2–րդ կարգի հաշմանդամություն ունեցողները։
Արցախցիներն իրենց կենսաթոշակային խնայողությունները կկարողանան տեղափոխել ՀՀ ֆոնդեր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ խոսքը վերաբերում է միայն ԼՂ–ից բռնի տեղահանված այն անձանց, որոնք ստացել են ՀՀ քաղաքացիություն։
ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց տրվող 40+10 000 դրամ աջակցության ծրագիրը որոշ չափով կվերանայվի