ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք գույքահարկի տեղեկանք չեն ներկայացնի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳ նախարարությունը։
«ԼՂ–ից բռնի տեղահանման արդյունքում ՀՀ–ում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված կամ ՀՀ քաղաքացիություն ստացած (ունեցող) անձանց տրանսպորտային միջոցների պետական գրանցման և պետական հաշվառման գործողությունների կատարման բացառություններ սահմանելու մասին» որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Որոշման նպատակն է պաշտպանել ԼՂ–ից բռնի տեղահանված և ՀՀ–ում շահագործվող տրանսպորտային միջոցներ ունեցող անձանց իրավունքները և շահերը, նվազեցնել նրանց սոցիալական բեռը»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:
ՆԳՆ–ից հայտնում են, որ տեղահանված անձինք ազատվում են գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելու պարտականությունից, եթե ՀՀ–ում տրանսպորտային միջոցի գրանցումը կատարվի մինչև 2024 թ. հոկտեմբերի 1–ը։
Նշված կարգավորումներից կօգտվեն նաև տեղահանման արդյունքում ՀՀ տարածքում հայտնված տրանսպորտային միջոցներ ունեցող իրավաբանական անձինք։
Բացի այդ, տրանսպորտային միջոցը գրանցելու դեպքում որպես տրանսպորտային միջոցի գրանցման հասցե կնշվի բնակչության պետական ռեգիստրում առկա հասցեն, իսկ սեփականատիրոջ ցանկությամբ ԼՂ–ի տարածքում իրականացված հաշվառումը չի դադարեցվի և հատկացված հաշվառման համարանիշերն ու վկայագրերը չեն փոխանակվի։
Հիշեցնենք` վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։