ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայաստանը խզում է կապերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով ՝ ՀԱՊԿ-ում առկա են բազմաթիվ խնդիրներ, բայց դրանք պետք է լուծել։
«Խնդիրներն անհրաժեշտ է լուծել, ոչ թե չունենալով որևէ երաշխիք` հարաբերությունները խզել ու Հայաստանը թողնել ծայրահեղ միայնակ, որովհետև եթե իրենց հաշվարկը որևէ այլ ռազմական կամ ռազմաքաղաքական ճարտարապետությունն է կամ դաշինքը, ուզում եմ հիշեցնել, որ ՆԱՏՕ-ի՝ Հայաստանին ամենամոտ ռազմական զորամիավորումը գտնվում է Թուրքիայում, իսկ Ադրբեջանն այն երկիրը չէ, որի ագրեսիան կարելի է կասեցնել հայտարարություններով»,- ասաց նա։
Հայկ Մամիջանյանի պնդմամբ` խնդիրների զգալի մասն իշխանության մեղքն է։
«Դա պայմանավորված է հայ կառավարիչների ապուշությամբ։ Օրինակ ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ձերբակալելու որոշմամբ։ Եթե ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր փորձեր Ստոլտենբերգին ձերբակալել, ի՞նչ կկատարվեր»,– ասաց նա։
Մատնանշելով իշխանությունների բացթողումը` նա նշեց նաև իրավական անգրագիտությունները և ՀԱՊԿ–ի աջակցության պլանից հրաժարումը, որի մեջ կար նաև ռազմատեխնիկական օգնության որոշակի փաթեթ։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը: