ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Երևանի Բաղրամյան պողոտայում իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառված անհամաչափ գործողությունները, այդ թվում՝ մամուլի ներկայացուցիչների թիրախավորումը։
Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել` իշխանություններից պահանջելով անհապաղ բացահայտել և քրեաիրավական գնահատականի արժանացնել ԶԼՄ աշխատակիցների նկատմամբ նման վերաբերմունքի համար պատասխանատու ոստիկանության պաշտոնյաներին։
«Հակառակ դեպքում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրելու է քաղաքական իշխանությունը՝ ապացուցելով, որ լրագրողներին թիրախավորելու գործողությունը կատարվել է բարձրագույն իշխանության հրահանգով»,– ասված է հայտարարությունում։
Միությունը նշել, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով լուրջ վնասվածքներ են ստացել նաև ԶԼՄ–ների մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ՝ լրագրողներ և օպերատորներ։
Տուժել են News.am լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը, որը ոտքի կոտրվածքով գտնվում է Համալսարանական թիվ 1 հիվանդանոցում և վիրահատության կենթարկվի: «ՍիվիլՆեթ»-ի օպերատորը ևս ոտքն է վնասել։ Ըստ լրատվամիջոցի հայտարարության՝ շարքից դուրս է եկել իրենց ուղիղ հեռարձակման տեխնիկան։ Վնասվածք է ստացել Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, լրագրող, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը։ Armlur.am-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանը նույնպես այս պահին հիվանդանոցում է:
Ժուռնալիստների միությունն ուշագրավ է համարում, որ ԱԺ–ի մոտ հրմշտոցի ժամանակ լարված իրավիճակում սկսել են կորչել լրագրողների ու օպերատորների տեխնիկան, համացանցին միանալու սարքերը, վնասվել միկրոֆոններ, տեսախցիկներ:
«Տեղի ունեցածը պատկերող բազմաթիվ տեսանյութերում ու լուսանկարներում հստակ երևում է, որ լուսաձայնային նռնակներն ուղղորդված նետվում են նաև այն ուղղություններով, որտեղ կենտրոնացած են մեծ թվով օպերատորներ և լրագրողներ։ Դա ողջամիտ կասկած է հարուցում, որ ոստիկանությունը, ըստ ամենայնի, քաղաքական իշխանության հրահանգով թիրախավորել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին»,– ասված է հայտարարությունում։
Ժուռնալիստների միությունը հրավիրել է նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, խոսքի ու մամուլի ազատության հարցերով զբաղվող բազմաթիվ կառույցների ուշադրությունը՝ կոչ անելով համարժեք գնահատականի արժանացնել տեղի ունեցածը։
Հիշեցնենք` հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց։
Առողջապահության նախարարության վերջին հաղորդագրության համաձայն՝ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 98 քաղաքացի է բուժօգնության դիմել, այդ թվում՝ ոստիկաններ։ Նրանց վնասվածքները հիմնականում թեթև և միջին ծանրության են։ Միայն մի քաղաքացի է ծանր վնասվածք ստացել դաստակի հատվածում։
Բերման է ենթարկվել 98 քաղաքացի։