ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Բելառուսը հանգիստ է վերաբերվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Մինսկի վերաբերյալ իմպուլսիվ հայտարարություններին։ Բելառուսի դեսպանատան նախարար-խորհրդական Ալեքսանդր Շպակովսկին այս մասին գրել է Telegram–ում։
Այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս Փաշինյանը հայտարարեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյան չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Դա պայմանավորված է Բելառուսի նախագահի երեք շաբաթ առաջ արված հայտարարություններով՝ կապված Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետ։ Փաշինյանի հայտարարությունից շատ չանցած` հայտնի դարձավ, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։
«Մենք հանգիստ ենք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ հայտարարություններին, մենք շարունակում ենք հարգել եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը դարավոր պատմական կապեր ունի»,- գրել է Շպակովսկին։
Նա ընդգծել է, որ Բելառուսը չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ինչպես նաև Երևանի արտաքին քաղաքականությանը։
«Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ մենք նմանատիպ մոտեցումներ ենք ակնկալում մեր գործընկերներից և դաշնակիցներից, ուստի որոշակի տարակուսանքով էինք հետևում Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների և բելառուսցի քաղաքական ծայրահեղականների առաջնորդների հետ շփումներին»,- գրել է նա։
Միաժամանակ դիվանագետը նշել է, որ գործընկերների և դաշնակիցների ընտրությունը պաշտոնական Մինսկի ինքնիշխան գործն է, և այս դեպքում «կամ-կամ» մոտեցումն անընդունելի է։ «Մենք համագործակցել ենք և կշարունակենք համագործակցել եղբայրական Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,-հավելել է Շպակովսկին։
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն մայիսի 15-17-ը Ադրբեջանում էր և այդ ընթացքում այցելել էր նաև Լեռնային Ղարաբաղ։ Լուկաշենկոն հայտարարել էր, որ 2020 թվականի պատերազմից առաջ (դիմելով Իլհամ Ալիևին՝ նա ասել էր «ձեր ազատագրական պատերազմից» առաջ) ինքն ու Ալիևը զրուցել են և եկել այն եզրակացության, որ պատերազմում հաղթել հնարավոր է։ Նա հավելել էր` հիմա եկել է այն ծանր ժամանակը, երբ պետք է վերակենդանացնել այդ տարածքները։
Դրանից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրներից 2–ը մասնակցել են հայերի դեմ պատերազմի նախապատրաստությանը, բայց չէր նշել, թե կոնկրետ որ երկրները։