ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. ՀՀ իշխանական շրջանակների կողմից, այդ թվում՝ Ազգային ժողովի ամբիոնից, Արցախի Հանրապետության հայաթափման պատճառների մասին հնչող թեզերն աղերս անգամ չունեն իրականության հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։
Հայտնել ենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր, թե «Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտայի ներկայացուցիչները միլիարդների զենք են հանձնել Ադրբեջանին»` չհստակեցնելով, թե ում մասին է խոսքը, ովքեր են կայացրել կապիտուլյացիայի ու զենք հանձնելու որոշումը։
«Առաջնահերթությունը տալով ՀՀ-ի անվտանգային խնդիրներին` բռնի տեղահանումից հետո Արցախի իշխանությունները տևական ժամանակ է` ցուցաբերում են զսպվածություն, հնարավորինս զերծ մնում հրապարակային խոսքից, բայց հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել, որպեսզի հայ ժողովուրդն իմանա ճշմարտությունը»,- նշված է հայտարարության մեջ։
Միաժամանակ, Արցախի իշխանությունները զգուշացնում են, որ այդ գործիչների վրա է ընկնելու իրենց հայտարարությունների պատասխան հայտարարությունների հետևանքները, այդ թվում` երկրի անվտանգության համատեքստում, քանի որ հրապարակային ելույթը ենթադրում է նաև հերքում, որը պետք է անպայմանորեն հաշվարկել:
Հավելենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հիմնական ներկայացուցիչները այժմ գտնվում են Բաքվի բանտերում։
Ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպտեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։