ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ դպրոցներում աշխատող ուսուցիչներից 3830-ը կամավոր ատեստավորման միջոցով առնվազն կրկնապատկել է աշխատավարձը։ Այս մասին ԱԺ–ում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«2023 թվականին բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների 8420 ուսուցչի աշխատավարձերը բարձրացել են 25%-ով, գյուղական բնակավայրերի փոքր դպրոցներում աշխատող շուրջ 3000 ուսուցչի (բոլոր առարկաների) աշխատավարձերը բարձրացել են մինչև 50%-ով կամ ավելի քան 40 000 դրամով: Կամավոր ատեստավորման միջոցով շուրջ 3830 ուսուցիչ առնվազն կրկնապատկել է աշխատավարձը»,– նշեց Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ 2023 թվականին կամավոր ատեստավորման համար հայտ էր ներկայացրել 6321 ուսուցիչ, որից գործընթացին մասնակցել է 4326-ը, ատեստավորվել է 2976-ը։
Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը մեկնարկել է 2021 թվականից` ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն։