ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևան–Սևան ճանապարհին գտնվող գազալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
«Պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը, չնայած մեր բժիշկների ջանքերի, փրկել չի հաջողվել»,- նշեց նա։
Տուժածներից մեկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը ծանր է։ Մյուս 4 տուժածի առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Հիշեցնենք` հունիսի 6-ին` ժամը 23:14-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ավելի ուշ պարզվեց, որ պայթյունը եղել է Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազալցակայանում, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 7 անձ (մեկն անհրաժեշտ օգնություն ստանալով՝ դուրս է գրվել), որոնցից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վնասվել են նաև գազալցակայանի կոնստրուկցիաները, դրան հարող տարածքում գտնվող բնակելի տուն ու մի քանի ավտոմեքենա։