ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների փոխադարձ առևտուրն ընթացիկ տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7 տոկոսով։ Այս մասին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը:
Անցած տարվա ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտուրը 2022 թվականի համեմատ աճել է 5,4 տոկոսով և հասել 7,4 տրիլիոն ռուբլու։
«Սա ռեկորդային թիվ է միության գոյության տասը տարիների ընթացքում, և կարծում եմ, որ դեռ վերջը չէ»,-ասել է նա՝ տեսակապի միջոցով ելույթ ունենալով Նովոսիբիրսկում ընթացող «Արտահանում դեպի ԵԱՏՄ երկրներ-2024» 6-րդ միջազգային համաժողովում:
Վոլվաչը նշել է, որ ԵԱՏՄ երկրները շարունակում են ավելացնել և՛ փոխադարձ առևտուրը, և՛ երրորդ երկրների հետ առևտուրը:
«Տեսնենք, թե ինչով կավարտենք տարին, բայց միտումը բավական լավն է։ Արժեքով արտահայտված՝ դա գրեթե 2 տրիլիոն ռուսական ռուբլի է։ Մենք բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկում ենք, որպեսզի պահպանենք այդ միտումը»,- հավելել է Վոլվաչը։
Վերջին մի քանի տարում Եվրասիական տնտեսական միությունում տնտեսական ցուցանիշներն աճում են։ ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ն աճել է 3,8 տոկոսով, իսկ ընթացիկ տարվա հունվար-մարտին ավելացել է 5,3 տոկոսով:
Փոխնախարարը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսությունն աճել է 14 տոկոսով, Բելառուսինը՝ ավելի քան 4 տոկոսով, Ղազախստանինը՝ գրեթե 4 տոկոսով, Ղրղզստանինը՝ գրեթե 9 տոկոսով, Ռուսաստանինը՝ 5,4 տոկոսով։
Վոլվաչի խոսքով՝ տնտեսության աճի հիմնական բաղադրիչներից մեկը արդյունաբերության և արդյունաբերական կոոպերացիայի զարգացումն է։
Տնտեսական զարգացման փոխնախարարը նշել է, որ աճի հիմքը բարձր մշակման ապրանքների արտադրության աճի բարձր տեմպերն են, ինչը նույնպես շատ կարևոր է։