Դրամի նկատմամբ ռուբլու փոխարժեքի այսօրվա տատանումները կարգավորվել են. ԿԲ նախագահ

Մարտին Գալստյան
Մոսկվայի բորսայի դեմ պատժամիջոցների հայտարարությունից հետո ռուբլու փոխարժեքի տատանումներն ազդել են նաև հայկական շուկայի վրա, բայց իրավիճակը կայունանում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայկական դրամի նկատմամբ ռուբլու փոխարժեքի այսօրվա տատանումները, ըստ ամենայնի, կարգավորվել են։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ԿԲ տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նրան հարցրեց` արդյոք ռուբլու այսօրվա տատանումները կապված չեն Մոսկվայի բորսայի դեմ հայտարարված ամերիկյան պատժամիջոցների հետ, և արդյոք ապագայում կարող է լինել անորոշություն, որը կարող է ազդել փոխարժեքի վրա:
Ժամանակ է պետք. ԿԲ նախագահը` ՀՀ–ի վրա հակառուսական նոր պատժամիջոցների ազդեցության մասին
Գալստյանը պատասխանեց, որ այսօր աճել է փոխանակման մարժան (այսինքն` առուվաճառքի տարբերությունը), քանի որ այն ընկերությունների համար, որոնք նախկինում ռուբլի էին գնել կամ վաճառել Մոսկվայի բորսայում, դա անելը հիմա ավելի դժվար է դարձել։
«Այն տնտեսվարողները, որոնք գիտեին բորսայով աշխատելու ճանապարհը, կորցրել են այդ խարիսխը։ Կարճաժամկետ ռիսկի արտացոլումը տեղ է գտել հենց փոխարժեքի մարժայի ընդլայնման մեջ։ Հետագա իրավիճակին դեռ մանրամասն չեմ հետևել, քանի որ խորհրդարանում եմ, բայց, ըստ ամենայնի, իրավիճակը բավականին շտկվել է»,– նշեց Գալստյանը։
Նշենք, որ այսօր առուվաճառքի մարժան իսկապես միջինից բարձր է. սովորաբար այն կազմում է 0,2 դրամ 1 ռուբլու դիմաց, իսկ այսօր բանկային համակարգի միջին ցուցանիշով այն կազմել է 0,65 դրամ (առքը` 3,91 դրամ, վաճառքը՝ 4,56 դրամ մեկ ռուբլու դիմաց)։
Դեպի ՀՀ փոխանցումների առումով 50 երկրների ցանկում Ադրբեջանը չկա. Գալստյան