Անվերջ բառախաղ․ Զախարովան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների մասին

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը տարակուսում է, որ Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչները մի քանի տարի շահարկում են այդ թեման:
Sputnik
ՀԱՊԿ-ում ոչ ոք մյուս մասնակիցներին ուժով չի պահում, եթե հայտարարելու բան կա, թող բացահայտ և ուղիղ հայտարարեն։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը: Նա կրկին քննադատեց կազմակերպությանը և մեղադրեց Հայաստանի անվտանգության ապահովման հարցում անգործություն դրսևորելու մեջ:
Զախարովան շահարկումներ որակեց այդ թեմայով Հայաստանի քաղաքական գործիչների խոսակցությունները։
«Ես ուշադրություն եմ դարձրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարություններին, որ Հայաստանը պետք է կամ անպայման դուրս կգա կազմակերպությունից։ Հիշում եմ, որ այսօրվա հայ քաղաքական գործիչները ոչ վաղ անցյալում հայտարարում էին, որ ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից։ Այսինքն` ՀԱՊԿ-ը վերադարձե՞լ է Հայաստան, որ ՀՀ–ն էլ պետք է դուրս գա այնտեղից։ Կարելի է անընդհատ զբաղվել բանավոր էկվիլիբրիստիկայով, բայց դա էժանագին բան է», - ասել է Զախարովան։
Նա նշել է, որ կան պետության ռազմավարական շահեր, կան տարածաշրջանային խնդիրներ, որոնց դեռ չի հաջողվել հրաժեշտ տալ, և առաջին հերթին պետք է մտածել ռազմավարական համագործակցության և անվտանգության, քաղաքացիական ենթակառուցվածքների մասին:
«Դա պետք է հանուն ապագա սերունդների։ Հանուն այն բանի, որ այս տարածաշրջանը լինի առաջադեմ, որ այն զարգանա։ Ոչ թե նրա համար, որ հին խնդիրները, ինչպես կապանքներ, քարերը քաշեն դեպի հատակ», - հավելել է Զախարովան։
Հենց Հարավային Կովկասը, նրա խոսքով, պետք է բազմակենտրոն աշխարհակարգի կենտրոններից դառնա։
«Դրա համար ամեն ինչ կա՝ և՛ ընդհանուր սահմաններ, և՛ դարերի համակեցություն, և՛ բնական հարստություններ, և՛ աշխատասեր ու տաղանդավոր մարդիկ։ Պետք է աշխատել այդ բաղադրիչի վրա։ Պետք չէ անվերջ ինչ-որ արևմտյան կամ Արևմուտքից նետված մեմեր հորինել։ Փոխարենը պետք է գնալ առկա խնդիրները քաղաքական-դիվանագիտական ճանապարհով հաղթահարելու ակնհայտ ճանապարհով՝ հանուն սեփական ժողովրդի ապագայի», - ասել է Զախարովան։
Նա որոշ հայտարարություններ կապում է նախընտրական խոստումների իրականացման հետ։
«Սա ինչ-որ անվերջ բառախաղ է, որը մենք լսում ենք Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության մի շարք գործիչներից։ Ո՞վ է նրանց կոչ անում զարգացնել այս թեման՝ ոչ ոք, իրենք։ Իսկ ինչու՞, սեփական ժողովրդին խաբելու, սխալ տեղ տանելու, անվերջ արդարացումներ հորինելու համար։ Իսկ թե ինչու է դա արվում, հավանաբար այն պատճառով, որ չեն կարողանում մարդկանց ճշմարտությունն ասել, բացատրել, թե ինչու են այս կամ այն ռազմավարական սխալ հաշվարկներն ու սխալներն արվել, ինչու են որոշակի ազգային շահեր կորել։ Երևի դրա համար պետք է մեղավոր գտնել, բայց հաստատ դա ՀԱՊԿ-ը չէ», - ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Նշենք, որ Փաշինյանի հայտարարությունները մեկնաբանել է նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ՝ միաժամանակ հավատարիմ մնալով գործընկերային, դաշնակցային հարաբերություններին: