ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. ԱՄՆ Պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման հունիսի 17-19-ը պաշտոնական այցով կժամանի Երևան։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը։
Պաշտոնյայի այցի նպատակն է մասնակցել Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին։
Մեր երկրում նախատեսված են Ռիչարդ Վերմայի հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
«Այս այցը վկայում է հայ ժողովրդի հետ երկկողմ կապերի հետագա ամրապնդման մեր մտադրության մասին»,- շեշտվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պետքարտուղարի Վերմայի հետ Հայաստան է ժամանում Կալիֆորնիա, Կանզաս, Միչիգան, Մոնթանա և Փենսիլվանիա նահանգների համայնքային և նահանգային պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը։
Նրան կուղեկցեն Նահանգային ու քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանը, ով նաև ղեկավարում է պետքարտուղարության նորաստեղծ ենթազգային դիվանագիտության թիմը, և կոմերցիոն ու բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն։
Հիշեցնենք՝ հունիսի 10-ին Հայաստան էր ժամանել ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենը։