3 տարի անց դատարանը մեղավոր ճանաչեց Վազգեն Մանուկյանին

Վազգեն Մանուկյան
ՀՀ նախկին վարչապետը մեղադրվում էր սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին։ Տեղեկությունը հրապարակվել է Մանուկյանի ֆեյսբուքյան էջում։
Ըստ հաղորդագրության` Մանուկյանը պետք է 400 հազար դրամ տուգանք վճարի։
Վազգեն Մանուկյանի գործով պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը հայտնել են, որ պատրաստվում են բողոքարկել դատավճիռը։
Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
Ըստ գործի նյութերի՝ Մանուկյանը ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու կոչեր է հնչեցրել 2021 թ. փետրվարի 12-ի, 20-ի, 26-ի հանրահավաքների ժամանակ։ Փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ Մանուկյանը հրապարակել էր ընդդիմության մշակած երկու պլան, որոնցից առաջինը ենթադրում էր բացատրական աշխատանքներ քաղաքացիների, ուժայինների, պատգամավորների հետ, իսկ երկրորդը կամ «պլան Բ»-ն իշխանության արագ զավթումն էր։
Վազգեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում ու համարում է, որ դա քաղաքական հետապնդում է։