Ոստիկանությունում բերման ենթարկվածների թիվը հասել է 60-ի

Բաղրամյան պողոտայում գտնվող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցների և ոստիկանների միջև պարբերաբար հրմշտոց է սկսվում, ինչի արդյունքում կան վնասվածք ստացած անձինք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 60 կողմնակցի բերման է ենթարկել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նշենք, որ ներկայում ՀՀ ԱԺ–ում ընթանում է կառավարության անդամների հետ հարցուպատասխանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերին, զուգահեռաբար դրսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները և նրանց կողմնակիցները հանրահավաք են իրականացնում։ Մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում, Պռոշյան–Դեմիրճյան խաչմերուկում կարմիրբերետավորներ են, իսկ Պռոշյան փողոցում` սևբերետավորներ։ Պարբերաբար հրմշտոց է սկսվում քաղաքացիների և ոստիկանության միջև, ինչի արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան, նաև լրագրողական տեխնիկա է վնասվել։
«Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենքի 182-րդ հոդվածով։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները հունիսի 10-ից փակ են պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Նրանք պահանջում են գործող իշխանության հրաժարականը։ Հունիսի 11-ին Բագրատ սրբազանը հայտարարեց, որ այսօր ժամը 15։30-ից հանրահավաք է լինելու, քանի որ գործ ունեն անելու։