ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած իրադարձություններից հետո 98 մարդու է բերման ենթարկել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը` ներկայացնելով ժամը 22։00-ի տվյալները։
Նա նաև տեղեկացրեց, որ 10 ոստիկան է բուժօգնության դիմել։
Հավելենք, որ առողջապահության նախարարության վերջին տեղեկություններով՝ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 55 քաղաքացի է բուժօգնության դիմել, այդ թվում՝ ոստիկաններ։
Նրանց վնասվածքները հիմնականում թեթև և միջին ծանրության են։
Միայն մի քաղաքացի է ծանր վնասվածք ստացել դաստակի հատվածում, նրան վիրահատում են։
Հիշեցնենք` այսօր Բաղրամյան պողոտայում բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Քաղաքացիներից մեկը ձեռքի լուրջ վնասվածք է ստացել։