ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը պատրաստ է միայնակ գնալ Ազգային ժողով, եթե ոստիկանական շարքերը բացվեն։ Այս մասին նա հայտարարեց Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ժամանակ։
«Տեղեկություններ են հայտնում, որ ԱԺ–ում ուղիղ եթերով այստեղ տեղի ունեցողն են նայում։ Նայելու կարիք չկա, տղամա՞րդ եք, ուրեմն այս ոստիկանական շարքերը բացեք, ես էլ մեն–մենակ գալիս եմ Ազգային ժողով։ Քանի՞ հոգի եք, հարյո՞ւր, թե՞ հազար, կգամ ու ուղիղ ձեր դեմքին կասեմ։ Մեր տիկին Ալիսային` հայրենիքի համար զոհված Դավիթի մորը, տապալել էին գետնին, տարել են նահատակ հերոսի` Արմանի հորը` Վիգեն Ազատյանին»,– ասաց սրբազանը։
Ալիսա Գևորգյանը բեմից հայտարարեց, որ կարծես թե դեռ պետք է շատ հարվածներ ստանան Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց դա իրենց չի կարող վախեցնել։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները հունիսի 10-ից փակ են պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Նրանք պահանջում են գործող իշխանության հրաժարականը։ Հունիսի 11-ին Բագրատ սրբազանը հայտարարեց, որ այսօր ժամը 15։30-ից հանրահավաք է լինելու, քանի որ կարևոր գործ ունեն անելու։
Մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում, Պռոշյան–Դեմիրճյան խաչմերուկում կարմիրբերետավորներ են, իսկ Պռոշյան փողոցում` սևբերետավորներ։ Պարբերաբար հրմշտոց է սկսվում քաղաքացիների և ոստիկանության միջև, ինչի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան, նաև լրագրողական տեխնիկա է վնասվել։