ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին հորդորում է պահպանել օրինականությունը և ոտնձգություն չկատարել իրավակարգի դեմ։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԱԾ–ի տարածած հաղորդագրութան մեջ։
«Հաշվի առնելով ազգային անվտանգության ծառայության՝ սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու առաքելությունը՝ վերահաստատում ենք, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»,–ասվում է ԱԱԾ–ի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն` հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։
ԱԺ խորհուրդը մերժեց հունիսի 11-ին արտահերթ նիստ անցկացնելու միջնորդությունը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կառավարության հրաժարականի ուղերձով ԱԺ արտահերթ նիստը կկայանա հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին։
«Տավուշը հանուն հայրենիքի» առաջնորդ, վարչապետի թեկնածու Բագրատ սրբազանը հունիսի 11–ին Բաղրամյան պողոտայում արդեն 3-րդ օրը հավաքված քաղաքացիների հետ ամփոփեց օրը և վստահեցրեց` հունիսի 12-ին չափազանց կարևոր օր է լինելու։ Նա դիմեց բոլոր նրանց, ովքեր իրենց սրտում փոփոխության կարիք են տեսնում` հորդորելով ներկա լինել Բաղրամյան պողոտայում` վերջնական ու վճռական խոսք ասելու իշխանություններին։