ՔԿ–ն Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած բախումներից հետո քրեական վարույթ է նախաձեռնել

Ազգային ժողովի շենքի մոտ
Ուսումնասիրվում են դեպքի վայրում իրականացվող տեսանկարահանումների կադրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ, Բաղրամյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Այսօր հավաքի մասնակիցները, չենթարկվելով տեղում ծառայություն իրականացնող և հասարակական կարգը պաշտպանող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սկսել են հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ նետելով»,– ասված է հաղորդագրությունում։
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)։
«Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում` նրանց նույնականացնելու, ինքնությունը պարզելու ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ նաև ուսումնասիրվում են դեպքի վայրում իրականացվող տեսանկարահանումների կադրերը։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները հունիսի 10-ից փակ են պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Նրանք պահանջում են գործող իշխանության հրաժարականը։ Այսօր իրավիճակը կտրուկ լարվեց։ Ոստիկանությունը սկսեց լուսաձայնային նռնակներ նետել ցուցարարաների ուղղությամբ։
ԱԺ շենքի մոտից 7 անձ է տեղափոխվել հիվանդանոց