Հաթերքի գյուղապետն ազատ է արձակվել, բայց ՄԻՊ–ը գրավոր պարզաբանում կպահանջի ԱԱԾ–ից

Դեպքի մանրամասները հրատապության կարգով բանավոր ընթացակարգով ճշտվել են պետական իրավասու մարմինների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը հայտնում է մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին` միայնակ թողնելով վերջինիս 3 անչափահաս երեխաներին։
«Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ դեպքի մանրամասները հրատապության կարգով բանավոր ընթացակարգով ճշտվել են պետական իրավասու մարմինների հետ: Արդյունքում պարզվել է, որ Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել: Դեպքի հանգամանքների մանրամասները պարզելու նպատակով գրավոր պարզաբանում կպահանջվի նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին 20 օրով կալանավորվել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, որը մեղադրվում է խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձի հետ դրանք օգտագործելու մեջ։
Մայիսի 25–ին ձերբակալվել է նաև Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը` խարդախությամբ և փաստաթղթեր կեղծելու եղանակով 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի ավտոմեքենան յուրացնելու մեղադրանքով։ Ավելի ուշ նրան կալանքի վերցրին 2 ամսով։
Մայիսի 23-ին էլ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը, ինչից հետո ձերբակալել են նրան։
Ըստ տեղեկությունների՝ Շամիրյանին վերագրվող մեղադրանքը ևս առնչվում է ավտոմեքենայի հափշտակությանը։ Առաջին ատյանի դատարանը մայիսի 24–ին Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց տնային կալանքը։