ԱԺ–ում լեզվակռիվ ու ծեծկռտուք սկսվեց

Պատգամավորները գործի դրեցին բռունցքները։
Sputnik
Ազգային ժողովում լեզվակռիվ ու ծեծկռտուք սկսվեց, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վախկոտ դասալիքներ անվանեց արցախցի զինվորականներին։
«Այն մարդիկ, որ իմ ասուլիսներին ԼՂ–ից լրագրողների միջոցով մեսիջներ էին ուղարկում` ասելով, որ ԼՂ ժողովուրդը հերոսական է, մենք մինչև վերջ կանգնելու ենք ու ոչ մի բան չենք զիջելու, Ադրբեջանի կողմից գործողությունը սկսելուց 2 ժամ առաջ դողեդող զանգում էին ինձ, ասում էին` մի բան արա, մենք էստեղից փախնենք»,– ասաց Փաշինյանը։
Դրանից հետո պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց, ապա հերթը հասավ բռունցքներին։
Նշենք, որ զուգահեռաբար դրսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները և նրանց կողմնակիցները հանրահավաք են իրականացնում։ Մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում, Պռոշյան–Դեմիրճյան խաչմերուկում կարմիրբերետավորներ են, իսկ Պռոշյան փողոցում` սևբերետավորներ։ Պարբերաբար հրմշտոց է սկսվում քաղաքացիների և ոստիկանության միջև, ինչի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան, նաև լրագրողական տեխնիկա է վնասվել։