ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի մոտ 3 մարդ է վնասվածք ստացել հրմշտոցի ժամանակ։ Այս մասին հայտնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
ԱԺ–ում ընթանում է կառավարության անդամների հետ հարցուպատասխանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերին, զուգահեռաբար դրսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները և նրանց կողմնակիցները հանրահավաք են իրականացնում։ Մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում, Պռոշյան–Դեմիրճյան խաչմերուկում կարմիրբերետավորներ են, իսկ Պռոշյան փողոցում` սևբերետավորներ։ Պարբերաբար հրմշտոց է սկսվում քաղաքացիների և ոստիկանության միջև, ինչի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան, նաև լրագրողական տեխնիկա է վնասվել։
«Մեր աղջիկներից երկուսը և մեկ տղամարդ վնասվածք են ստացել, հիմա հիվանդանոցում են»,– ասաց Բագրատ սրբազանը։
Այնուհետև նա դիմեց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին։
«Դու ինձ ասում ես` փարաջադ հագդ չլիներ, կտանեինք, փարաջաս հագս մի համարի։ Ես էլ քեզ ասում եմ` ուսադիրներդ վրադ չլիներ, քեզ կտանեինք»,– ասաց նա։
Սոցցանցերում հայտնում են, որ ակցիայի որոշ մասնակիցներ հրմշտոցի պատճառով մնացել են առանց կոշիկների։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները հունիսի 10-ից փակ են պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Նրանք պահանջում են գործող իշխանության հրաժարականը։ Հունիսի 11-ին Բագրատ սրբազանը հայտարարեց, որ այսօր ժամը 15։30-ից հանրահավաք է լինելու, քանի որ գործ ունեն անելու։