«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները գիշերն անցկացրել են ԱԺ–ի մոտ

Բաղրամյան պողոտայում
Ակցիայի մասնակիցները սպասում են շարժման առաջնորդ Բագրատ Գալստյանի հրահանգներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համախոհները գիշերել են Բաղրամյան պողոտայում` Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ տասնյակ վրաններ են տեղադրված։
Նրանք սպասում են շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի հրահանգներին, որն ավելի վաղ հայտարարել էր քաղաքացիական անհնազանդության ակցիաների անցկացման մասին:
Շարժման առաջնորդի խոսքով` իրենք չափազանց կարևոր անելիք ունեն հունիսի 12-ին, բայց թե ինչ է տեղի ունենալու այդ օրը, չցանկացավ ասել։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Ընդդիմադիր պատգամավորներին էլ սրբազանը հորդորեց հունիսի 11-ին` ժամը 16։30-ին, նիստ նախաձեռնել կառավարության հրաժարականի օրակարգով։
ԱԺ խորհուրդը մերժեց հունիսի 11-ին արտահերթ նիստ անցկացնելու միջնորդությունը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կառավարության հրաժարականի ուղերձով ԱԺ արտահերթ նիստ կկայանա հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին։