ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.00%։ Տեղեկությունը հրապարակվել է ԿԲ–ի կայքում։
ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանվել է 6.50%։
Հիշեցնենք` ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով իջեցրել էր նաև ապրիլի 30-ին` սահմանելով 8.25%։
Նշենք, որ առևտրային բանկերը հարկ եղած դեպքում երբեմն իրենք էլ են ստիպված լինում վարկ վերցնել Կենտրոնական բանկից` որպես վերջին ատյանի վարկատու։ Ուստի վերաֆինանսավորման տոկոսադրույքը վարկի գինն է, այսինքն` այն տոկոսադրույքը, որով բանկերը վարկային միջոցներ են վերցնում կարգավորիչից։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նաև ԿԲ–ի հիմնական գործիքն է ֆինանսական շուկայի և ողջ տնտեսության կարգավորման գործում։ Այդ տոկոսադրույքի բարձրացման կամ նվազեցման միջոցով ԿԲ–ն ազդում է նաև գնաճի վրա։