ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Հայկական Melante տեքստիլ ընկերությունը բանակցություններ է վարում ըմբշամարտի համազգեստի ռուսական շուկա մտնելու շուրջ: Այս մասին Sputnik Արմենիային ասաց ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Սաթեն Խոշոյանը Երևանում ռուսական և հայկական տեքստիլ ընկերությունների հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ ընկերությունն արդեն համազգեստներ է արտադրում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար (ճիշտ է՝ մարզումների, ոչ թե խաղերի), ինչպես նաև ֆուտբոլի պատանեկան հավաքականների համար:
«Հիմա ուզում ենք մեր ուժերը փորձել ըմբշամարտի և այլ մարզաձևերի ասպարեզում։ Ներկայում մենք ակտիվորեն հումք ենք փնտրում, ինչպես նաև առաջարկներ ենք ուղարկում հնարավոր գործընկերներին»,-հավելել է նա։
Նշենք, որ ռուսական մոտ 10 տեքստիլ ընկերությունների այցը Հայաստան և նրանց հանդիպումը հայ գործընկերների հետ կազմակերպել են ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատը և Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը: Այդ հանդիպմանը կհաջորդեն ռուսաստանցի գործարարների այցերը հայկական կարի ֆաբրիկաներ։