ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ԲՐԻԿՍ-ի երկրների արտգործնախարարները հաստատել են իրենց հավատարմությունը ռազմավարական գործընկերության ամրապնդմանը։ Այս մասին ասվում է ԱԳՆ ղեկավարների՝ Նիժնի Նովգորոդում ընթացող խորհրդակցության արդյունքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ։
ԲՐԻԿՍ երկրների արտգործնախարարների երկօրյա հանդիպումը կազմակերպվել է Նիժնի Նովգորոդում, ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Նրանք (նախարարները. խմբ.) հաստատել են իրենց հավատարմությունը ԲՐԻԿՍ-ի ռազմավարական գործընկերության կառուցվածքի ամրապնդմանը համագործակցության երեք ուղղություններով՝ քաղաքականություն և անվտանգություն, տնտեսություն և ֆինանսներ, մշակութային և միջմարդկային փոխանակումներ»,-ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հնդկաստանի ԱԳՆ–ի կայքում:
Հանդիպման մասնակիցները նշել են ձևավորվող շուկա ունեցող երկրների և զարգացող երկրների զգալի հետաքրքրությունը ԲՐԻԿՍ-ին միանալու հարցում:
Հայտարարության մեջ նշվում է, որ նախարարները վերահաստատել են իրենց հավատարմությունը ԲՐԻԿՍ-ի ոգուն, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման, հավասարության, համերաշխության, անկեղծության, ներառականության և կոնսենսուսի վրա:
ԲՐԻԿՍ-ի երկրների ԱԳ նախարարները նաև հաստատել են G20-ի՝ որպես միջազգային տնտեսական համագործակցության առաջատար համաժողովի կարևոր դերը, որը հավասարության և փոխշահավետության հիմունքներով միավորում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներին, որտեղ առաջատար տնտեսությունները համատեղ լուծումներ են փնտրում գլոբալ խնդիրների համար՝ համընդհանուր շահավետ և ներառական համաշխարհային տնտեսական աճի հասնելու համար:
Նշվում է, որ 2023-2025 թվականներին G20-ում Հնդկաստանի, Բրազիլիայի և Հարավային Աֆրիկայի հետևողական նախագահությունը ամուր հիմք է ստեղծում համաշխարհային տնտեսության անհավասարության, անհավասարակշռության և թերությունների վերացման համար:
ԲՐԻԿՍ-ի կազմում ի սկզբանե ընդգրկված էին Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանի և Հարավային Աֆրիկան, բայց միջպետական միավորումն այս տարվա հունվարին ընդլայնվեց և հիմա 9 մասնակից ունի: Սա առաջին հանդիպումն է նոր կազմով։
ԲՐԻԿՍ-ին միացան Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը և Արաբական Միացյալ Էմիրությունները: Վենեսուելան ծրագրում է ԲՐԻԿՍ միջպետական միավորմանը միանալ այս տարի։
ԲՐԻԿՍ-ի երկրները մտադիր են զարգացնել համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, ստեղծել կայուն գլոբալ մատակարարման շղթաներ, հատկապես որոշ օգտակար հանածոների, նյութերի և տեխնոլոգիաների համար, որոնք կարևոր նշանակություն ունեն էներգետիկ անցման համար։