Արցախցիներն իրենց կենսաթոշակային խնայողությունները կկարողանան տեղափոխել ՀՀ ֆոնդեր

Արցախից տեղահանվածներ
ԼՂ-ի կուտակային համակարգի մասնակից համարվող անձը կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունները ՀՀ տեղափոխելու համար, իսկ չդիմելու դեպքում ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողն է ապահովում կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար անհրաժեշտ քայլերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ԼՂ-ի կուտակային համակարգի մասնակից անձանց հնարավորություն կտրվի Հայաստանի կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխել իրենց կենսաթոշակային խնայողությունները: Համապատասխան օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը:
«ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, որոնք աշխատում են ՀՀ-ում և, կուտակային կենսաթոշակների մասին օրենքի համաձայն, կատարում են սոցիալական վճարներ, փաստացի համարվում են Հայաստանի կուտակային համակարգի մասնակից: Դա նշանակում է, որ այդ անձինք այս պահին ունեն երկու կենսաթոշակային հաշիվ երկու առանձին համակարգերում: Կենսաթոշակային խնայողությունների մասնատումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների ինչպես սոցիալական քաղաքականության, այնպես էլ տեխնիկական տեսանկյուններից: Եվ այս նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել ԼՂ կուտակային համակարգում ձևավորված կենսաթոշակային խնայողությունները Հայաստանի Հանրապետությունում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը»,-ասաց Հարությունյանը:
ՀՀ–ից հեռացած արցախցիներից քանի՞սն են վերադարձել. փոխնախարարը տվյալներ է հայտնում
ԼՂ-ի կուտակային համակարգի մասնակից համարվող անձը կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար, իսկ չդիմելու դեպքում ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողն է ապահովում կենսաթոշակային խնայողությունների՝ ՀՀ կուտակային համակարգում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու համար անհրաժեշտ քայլերը:
ԼՂ–ում կենսաթոշակային կուտակային համակարգը ներդրվել է 2019-ի հուլիսի 1-ից: Գործել է Հայաստանի Հանրապետության կուտակային համակարգի նմանությամբ:
Արցախցիների բնակապահովման ծրագիրը ՀՀ պատմության մեջ ամենաթանկը և մասշտաբայինն է. Խաչատրյան