ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Տաթևի ՀԷԿ-ի օրական կարգավորող ավազանից ջրի արտահոսքը խանգարում է Սյունիքի մարզի Խոտ -Որոտան ճանապարհի վերանորոգմանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
2023 թ–ին Sputnik Արմենիան գրել էր, որ կառուցվող ճանապարհի մի մասը վնասվել է սելավից։ ՏԿԵՆ–ից հայտնել էին, որ հորդառատ անձրևների պատճառով Խոտ-Որոտան ճանապարհին հարակից սարի լանջի գրունտը գերխոնավացել է, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզում։
Որոտան– Խոտ ճանապարհ. Արխիվային լուսանկար
© Sputnik / Aram Nersesyan
Այս պահի դրությամբ, 10.3 կմ երկարությամբ Խոտ – Որոտան ճանապարհի 7.5 կմ-ն արդեն ասֆալտապատվել է, 2 կմ հատվածում կատարվել են հողային աշխատանքներ։
Իսկ 300 մ տարածքում գերխոնավացված լանջի փլուզման հետևանքով առկա է փլվածք։
«Գերխոնավությունը առաջացել է Տաթևի ՀԷԿ-ի ՕԿՋ–ի (օրական կարգավորվող ջրավազան) պատճառով։ Առաջիկա օրերին նախատեսվում է դատարկել ՕԿՋ-ն և վերանորոգել այն, որից հետո հնարավոր կլինի շարունակել ճանապարհի շինարարական աշխատանքները» - ասված է հաղորդագրությունում։
Նշենք նաև, որ 2023 թվականին նախարարությունից հայտնել էին, որ ջրավազանի վերանորոգումը նախատեսվում է նույն տարում, սակայն ՏԿԵ նախարարության այս պատասխանից պարզ է դառնում, որ այն դեռ չի իրականացվել:
Որոտան– Խոտ ճանապարհ. Արխիվային լուսանկար
© Sputnik / Aram Nersesyan
Հիշեցնենք, որ Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման անհրաժեշտություն առաջացել էր Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան մայրուղին փակելուց հետո: Այս ճանապարհը դարձել է Որոտան գյուղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ուղին։