Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է. պաշտպանը մանրամասներ ներկայացրեց

Վահան Քերոբյան
Նախկին նախարարն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ քրեական գործով փոփոխություն է եղել, վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս, որը նախկինում պաթոսով հայտարարվում էր։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Քերոբյանի պաշտպան Վաչե Սիմոնյանը։
Նշենք, որ Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ Փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։ Ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ (գործուն զղջալու հիմքով
Սիմոնյանի խոսքով` երբ խոսում են հանրային վտանգի մասին, քրեական հետապնդումը գործուն հիմքով դադարեցնելու համար պետք է այդ հանրային վնասը հարթված լինի կամ այլ կերպ հատուցված։
«Մի քիչ մանրամասնեմ, թե ինչ հանրային վնասի մասին է խոսքը։ Առաջինն այն է, որ էկոնոմիկայի նախարարության բարի համբավին պատճառվել է վնաս, երկրորդ վնասն այն է, որ «Հարմոնիա» ընկերությունը կրել է վնաս` բաց թողնված եկամտի տեսքով, և երրորդ ամենամեծ վնասն այն է, որ պետությունը զրկվել է հանրային ներդրումների ծրագրի բանկ ստեղծելու հնարավորությունից։ Անցած շաբաթ Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է, և պետությանը պատճառված հանրային վնասը հանվել է մեղադրանքի ձևակերպումից։ Այսկերպ գործը էապես աղքատացել է»,– ասաց Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ այդ որոշումները կայացնում է դատախազությունը, ոչ թե քննչական մարմինը, և հստակ երևում են նրանց միջև առկա հակասությունները։
«Դատախազությունն ունի 5–օրյա ժամկետ։ Եթե որոշի միջնորդություն ներկայացնել, ապա այսօր պետք է ներկայացնի դատարան` տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հետ կապված։ Եթե դա տեղի չունենա, ապա քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը պետք է փոխի խափանման միջոցի որոշումը, կամ պետք է ընդհանրապես ոչինչ չանեն, և պրոբացիայի հիմնարկը պարզապես դադարեցնի խափանման միջոցի կիրառությունը, քանի որ չի ունենա դատարանի որոշումը»,–ասաց փաստաբանը։
Հիշեցնենք` ըստ պաշտպանների` Վահան Քերոբյանի նկատմամբ կիրառվում են հնարավոր բոլոր սահմանափակումները, նրան նույնիսկ չեն թույլատրում բժշկական ծառայություններ ստանալ։