Ինչ է կատարվում Երևանի Բաղրամյան պողոտայում այս պահին. տեսանյութ

ՀՀ ազգային ժողովի շենքը շրջափակել են ոստիկանական ուժերը։
Sputnik
Բաղրամյան պողոտայում` ՀՀ ազգային ժողովի շենքի մոտ այս պահին իրավիճակը հանգիստ է։
Հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները, որոնց ոստիկանները չեն թողել խաղաղ երթով անցնել Դեմիճյան փողոցով, գիշերել են մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց։ Նրանց են միացել նաև Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում հավաքված ցուցարարները։
Այս պահին ՀՀ Ազգային ժողովի շենքը շրջափակել են ոստիկանական ուժերը։
Հունիսի 9-ին հանրահավաքից հետո ցուցարարները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղից նրանց ուժայինները չթողեցին գնալ Դեմիրճյան փողոցով, պատճառաբանելով, որ պետք է ապահովեն ԱԺ-ի բնականոն աշխատանքը։
Ոստիկանների հետ երկարատև բանակցություններից հետո ուժայինների շղթան կարողացան անցնել միայն ընդդիմադիր երեք պատգամավորներ՝ Արթուր Սարգսյանը, Տիգրան Աբրահամյանն ու Ագնեսա Խամոյանը։
Արդեն ուշ գիշերին Բագրատ սրբազանը հավաքվածներին կոչ արեց վերադառնալ Բաղրամյան պողոտա՝ միանալով այնտեղ մնացածներին։
Ավելի վաղ հանրահավաքի ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Բագրատ սրբազանը հայտարարեց, որ առաջիկա 4 օրվա ընթացքում անընդհատ առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պիտի իրականացնեն, մինչև հասնեն իրենց պահանջի իրականացմանը` ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Սրբազանը հորդորեց Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին հունիսի 11 -ին ժամը 16։30-ին նախաձեռնել նիստ` կառավարության հրաժարականի օրակարգով։ Հանրահավաքից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 9-ին Կիրանց գյուղից երթով հասան Երևան, ուր մեծ հանրահավաք տեղի ունեցավ։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պահանջեց հրաժարական տալ, ապա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։