Եթե պահանջը մերժվի, չենք թողնելու՝ գործի գան․ Բագրատ սրբազանը՝ ԱԺ-ի գործընթացի մասին

Բագրատ սրբազան
Բագրատ սրբազանն առաջարկեց քաղաքական ուժերին առանձնանալ և խորհրդակցություններ անցկացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. ԱԺ խորհուրդը կմերժի ընդդիմադիր խմբակցությունների` արտահերթ նիստ անցկացնելու պահանջը, ապա «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները թույլ չեն տալու պատգամավորներին Ազգային ժողով մտնել։ Այսօր ԱԺ-ի մոտ հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Եթե մեր պահանջը մերժվում է, մենք էլ պետք է ստիպված լինենք այդ մարդկանց չթողնել, որ գործի գան։ Իրենք իրավունք չունեն մեր վճարած հարկերի հաշվին իբր թե աշխատել՝ չգիտես ում և ինչի համար»,- ասաց նա։
Սրբազանն առաջարկեց համբերությամբ մի փոքր էլ սպասել, հասկանալ, թե ինչ է տեղի ունենում Ազգային ժողովում, հետո կհասկանան, թե ինչ քայլեր են արվելու։
«Կամ հեռանալ, կամ հեռացում․ այս պահանջն անփոփոխելի է լինելու»,- ասաց նա։
Նա նշեց, որ բոլորիս ամոթն է, որ մինչև այսօր պարտված իշխանությունն է երկրի ղեկին, բայց և վստահ է, որ այդ ամոթը սրբագրվելու է։
Ելույթի ավարտին Բագրատ սրբազանն առաջարկեց քաղաքական ուժերին առանձնանալ և խորհրդակցություններ անցկացնել։
Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ՝ մեկնարկել է ԱԺ խորհրդի նիստը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդություն են ներկայացրել։
Հունիսի 9-ին հանրահավաքի ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Բագրատ սրբազանը հայտարարեց, որ առաջիկա 4 օրվա ընթացքում անընդհատ առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պիտի իրականացնեն, մինչև հասնեն իրենց պահանջի իրականացմանը` ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Սրբազանը հորդորեց Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին հունիսի 11 -ին նախաձեռնել նիստ` կառավարության հրաժարականի օրակարգով։ Հանրահավաքից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա։
Ոստիկանները չթողեցին նրանց խաղաղ երթով անցնել Դեմիճյան փողոցով, ու ցուցարարները գիշերեցին Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 9-ին Կիրանց գյուղից երթով հասան Երևան, ուր մեծ հանրահավաք տեղի ունեցավ։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պահանջեց հրաժարական տալ, ապա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։