ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները, որոնց ոստիկանները չեն թողել խաղաղ երթով անցնել Դեմիճյան փողոցով, գիշերել են մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց։ Նրանց են միացել նաև Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում հավաքված ցուցարարները։
Հունիսի 9-ին հանրահավաքից հետո ցուցարարները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղից նրանց ուժայինները չթողեցին գնալ Դեմիրճյան փողոցով, պատճառաբանելով, որ պետք է ապահովեն ԱԺ-ի բնականոն աշխատանքը։
Դրանից հետո երթի մասնակիցների մի մասը մնաց այդտեղ, մյուս մասը շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ շարժվեցին դեպի Պռոշյան-Դեմիրճյան փողոց։
Ոստիկանների հետ երկարատև բանակցություններից հետո ուժայինների շղթան կարողացան անցնել միայն ընդդիմադիր երեք պատգամավորներ՝ Արթուր Սարգսյանը, Տիգրան Աբրահամյանն ու Ագնեսա Խամոյանը։
Արդեն ուշ գիշերին Բագրատ սրբազանը հավաքվածներին կոչ արեց վերադառնալ Բաղրամյան պողոտա՝ միանալով այնտեղ մնացածներին։
Ավելի վաղ հանրահավաքի ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Բագրատ սրբազանը հայտարարեց, որ առաջիկա 4 օրվա ընթացքում անընդհատ առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պիտի իրականացնեն, մինչև հասնեն իրենց պահանջի իրականացմանը` ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Սրբազանը հորդորեց Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին հունիսի 11 -ին ժամը 16։30-ին նախաձեռնել նիստ` կառավարության հրաժարականի օրակարգով։ Հանրահավաքից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։