ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի Բուչա կատարած այցից հետո: Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Գրում է News.ru–ն։
Ինչպես նշել է ռուս դիվանագետը, Մոսկվան ոչ բարեկամական քայլ է որակում Հայաստանի ներկայացուցիչների այցը Ուկրաինական այդ քաղաք, ինչպես նաև անթույլատրելի արտահայտությունները Ռուսաստանի հասցեին և Կիևին մարդասիրական օգնություն տրամադրելը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 31-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը մեկնել էր Ուկրաինա, այնտեղ հանդիպել էր Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին ու Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի հետ։ Հայկական պատվիրակությունը դեղորայք էր փոխանցել ուկրաինական կողմի առողջապահական հաստատություններին։
«Մտահոգված ենք Ուկրաինայի զինված ուժերի կարիքներին օգնության փոխանցմամբ և այնտեղ Ռուսաստանի հասցեին արված անթույլատրելի արտահայտություններով»- հայտնել Է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ Տեր-Մարգարյանը «Հանրապետություն» արևմտամետ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համակիրն է, ուստի նրա արձագանքը միանգամայն բացատրելի է։
Զախարովան նաև ցավալի է համարել այն փաստը, որ հայկական իշխանությունները համերաշխություն են հայտնում նման հայտարարություններին:
Հիշեցնենք` Բուչա քաղաքի սոցիալական ցանցերի պաշտոնական էջում նշված էր, որ Տեր-Մարգարյանն ու Կարապետյանը հանդիպում են ունեցել քաղաքապետի հետ: Քննարկվել են ուկրաինական քաղաքի և Երևանի վարչական շրջանի միջև համագործակցության հնարավորությունները:
«Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ։ Նրանք մարտի դաշտում պաշտպանում են իրենց ազատությունն ու անկախությունը։ Երևան քաղաքը և Նոր Նորք վարչական շրջանը մշտապես աջակցելու են Բուչային և ռուսական ագրեսիայից տուժած մյուս համայնքներին»,– ասել էր Նոր– Նորքի քաղաքապետը` ըստ այդ հաղորդագրության։
Հայկական կողմի մամուլի հաղորդագրության մեջ սակայն նման հայտարարություն չի եղել։