Մահացածներն ամուսիններ են, երեխան՝ նրանց թոռնուհին. ՔԿ–ն մանրամասներ է հայտնել ավտովթարից

Ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին երեք անձի մահվան ելքով տեղի ունեցած ավտովթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ է։ Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։
Պարզվել է, որ դեպի Երևան ուղղությամբ ընթանալիս «Միտսուբիշի Քանտեռ» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով հանդիպակաց ուղեգոտի, բախվել է կամրջի բետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել Հրազդան գետը:
«Մահացածներ Ս.Կ-ն և Հ.Հ.-ն ամուսիններ են, Լ. Մ.-ն՝ նրանց թոռնուհին: Իսկ ավտոմեքենան պատկանում է «Սա...» ՍՊԸ-ին, որտեղ Ս.Կ-ն աշխատում էր որպես վարորդ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։
Իրականացվում է նախաքննություն վթարի պատճառը, դրան նպաստած հնարավոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 8–ի երեկոյան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գետը։