Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև իրավիճակը լարվեց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները երթով հասել են Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկ, որտեղ ոստիկանները փակել են երթի մասնակիցների ճանապարհը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հիմնադիր Բագրատ սրբազանի և ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի միջև լեզվակռւվ սկսվեց։ Նրանք փոխադարձ հորդորում էին չգոռալ։ Հրմշտոց սկսվեց։
Երթի մասնակից փաստաբան Վարազդատ Հարությունյանը կարծում է, որ ոստիկանության կողմից երթի սահմանափակումներն ավելորդ լարվածություն ստեղծելու միտում ունեն։
«Էս մեծ մեքենաները, մեծ զորքերը, վահաններով ոստիկանների, հատուկ նշանակության զորքերի առկայությունը հուշում է այն մասին, որ ոստիկանների կողմից կա նախատրամադրվածություն»,– ասաց նա։
Փաստաբանն ասաց, որ ակցիայի մասնակիցներն ակնկալում են պատասխան, թե ինչո՞ւ իրենց չեն թողնում շարունակել ակցիան ու ինչո՞ւ են այսքան շատ ոստիկաններ եկել Բաղրամյան– Դեմիճյան խաչմերուկ։
ՆԳՆ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը պարզաբանեց, որ այս նախնական գործողությունը նրանք ձեռնարկել են` հաշվի առնելով ԱԳՆ–ի շենքի դիմաց օրեր առաջ տեղի ունեցած բախումները։
Ավելի վաղ հանրահավաքի ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Բագրատ սրբազանը հայտարարեց, որ առաջիկա 4 օրվա ընթացքում անընդհատ, առանց հոգնելու և դադար տալու բողոքի ակցիաներ պիտի իրականացնեն, մինչև հասնեն իրենց պահանջի իրականացմանը` ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Սրբազանը հորդորեց Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին հունիսի 11 -ին ժամը 16։30–-ին նախաձեռնել նիստ` կառավարության հրաժարականի օրակարգով։ Հանրահավաքից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։