ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 9-13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Հունիսի 9-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև և Սևանա լճի հարավային ափի գետերում՝ զգալի»,–ասվում է հաղորդագրության մեջ
Նշվում է, որ քամին կլինի հարավարևմտյան՝ 3-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
Երևան քաղաքում նույնպես հունիսի 9-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: