ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն անգլերեն և ռուսերեն լեզուներով դիմել է միջազգային հանրությանը` կոչ անելով ադեկվատ արձագանք տալ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։
«Մենք պահանջում ենք իշխանափոխություն, քանի որ ներկա իշխանությունը կորցրել է իր լեգիտիմությունը` չկատարելով իր նախընտրական խոստումներն ու կառավարության ծրագիրը»,– ասել է նա։
Սրբազանը վստահեցրել է, որ Հայաստանը շուտով դառնալու է հուսալի և կանխատեսելի գործընկեր, և ոչ մի գործընկեր այլևս անհանգստանալու կարիք չի ունենալու։
«Անկախ տարածվող մանիպուլյացիայի ու ստի` մենք շատ լավ ենք հասկանում խաղաղության գինն ու արժեքը, ու շարունակելու ենք պայքարել հանուն խաղաղության` իրական, կայուն ու երկարատև»,– ասել է Բագրատ սրբազանը։
Նա հիշեցրել է, որ Կիրանցում ու Ոսկերպարում սկիզբ առած շարժումը ձևավորվել է ՀՀ ներկա իշխանության հերթական չարդարացված ու միակողմանի զիջման արդյունքում, որը հարցականի տակ է դնում ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։