Հայաստանում ստեղծում են հակառակորդի ռադիոլոկացիայի դեմ նոր, հասանելի տեխնոլոգիա

Տիգրան Զաքարյան
Որքան առարկաները քիչ ալիքներ են անդրադարձնում, այնքան քիչ տեսանելի են ռադարների համար։ Անդրադարձելիությունը չափելու համար կիրառվում են թանկ խցեր, որոնք առաջարկվում է փոխարինել բացօթյա հարթակներով` մի փոքր զիջելով ճշտությունը, բայց զգալիորեն շահելով գնի մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայաստանում հետազոտվում է հակառակորդի ռադիոլոկացիայի միջոցների դեմ պայքարի նոր, ֆինանսապես ավելի հասանելի տեխնոլոգիա։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Տիգրան Զաքարյանը, այդ տեխնոլոգիան թույլ կտա գնահատել, թե տարբեր առարկաները ռադիոալիքների անդրադարձման ինչ աստիճան ունեն։
Մասնագիտական լեզվով սա կոչվում է ռադիոլոկացիոն անդրադարձման արդյունարար մակերևույթ և կախված է ալիքների դիապազոնից (որովհետև ռադարը կարող է թիրախի ուղղությամբ արձակել տարբեր հաճախականության ալիքներ), առարկայի նյութից ու ձևից ու այլ պարամետրերից։
Եթե որևէ առարկա (անօդաչու, մեքենա կամ որևէ այլ առարկա) իր վրա ուղղված ճառագայթների մեծ մասն անդրադարձնում է, ապա այն տեսանելի է ռադարների համար, և հակառակը` եթե գրեթե չի անդրադարձնում, ապա ռադարի համար հայտնվում է «սև զոնայում»։
Ըստ դասական մեթոդի` առարկաները փորձարկվում են անարձագանք խցերում, որտեղ խլացվում է դրսի էլեկտրամագնիսական ճառագայթումը։ Սակայն այդ խցերն արժեն միլիոնավոր դոլարներ, իսկ լիարժեք ստուգման համար դրանցից պետք է կա՛մ մի քանի հատ (տարբեր հաճախականության ալիքների համար), կա՛մ մեկ հատ` ունիվերսալ, որը սովորականից է՛լ ավելի թանկ է։

«Փոխարենը մենք առաջարկել ենք բացօթյա թեստավորման մեթոդիկա։ Իհարկե, այն ունի որոշակի սահմանափակումներ, բայց շատ ավելի մատչելի է, ճշտության աստիճանն էլ` բավականին ընդունելի»,– ասաց Զաքարյանը։

Ինստիտուտը կատարում է իր հետազոտությունը Գիտության պետական կոմիտեի դրամաշնորհով, որի շրջանակում արդեն պատրաստել է թեստավորման փորձնական հարթակ։ Դրամաշնորհի ավարտից հետո էլ նախատեսվում է դիմել Ստանդարտացման ազգային մարմին` այդ տեխնոլոգիան գրանցելու համար, որպեսզի այն համարվի պաշտոնապես ճանաչելի։
Ինչպես ուսումնասիրել տիեզերքը և միլիոններ խնայել. իտալացին պատրաստ է գործակցել հայերի հետ