Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունն արտահերթ ընտրություններ չի պահանջում

Եթե երկրում տնտեսության կայունացման քաղաքականությունն արդյունքներ չտա, չի բացառվում, որ մարդիկ փողոցներ դուրս գան՝ արտահերթ ընտրությունների պահանջով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) հանրապետությունում արտահերթ համընդհանուր ընտրություններ անցկացնելու պահանջներ չի առաջադրում։ Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ միևնույն ժամանակ ԺՀԿ առաջնորդ Օզգյուր Օզելը չի բացառում, որ ընտրությունները կարող են օրակարգում հայտնվել տնտեսական իրավիճակի վատթարացման դեպքում։
«Մենք չենք պահանջում արտահերթ ընտրություններ։ Բայց եթե տնտեսության կայունացման քաղաքականությունն արդյունք չտա և ընտրությունները սկսեն պահանջել փողոցներում, մեր՝ որպես ընդդիմության պարտքն է` բարձրաձայնել այդ պահանջը»,- հայտարարել է Օզելը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), որը գլխավորում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իշխանության ղեկին գտնվելու ավելի քան 20 տարիների ընթացքում առաջին անգամ պարտվել է այս տարվա մարտին կայացած ՏԻՄ ընտրություններում: Թուրքիայի նախագահը խոստացել է պարտությունից լուրջ հետևություններ անել, միևնույն ժամանակ նա ասել է, որ առաջիկա չորս տարիներին չարժե սպասել նոր ընտրությունների: Խորհրդարանական և նախագահական ընտրությունները նախատեսված են Թուրքիայում 2028 թվականին։
Թուրքիայում ընտրություններն ավարտվել են. Էրդողանը կոչ է արել պաշտպանել «ժողովրդի կամքը»